Բաքվում կայանալու են հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունները, սակայն իրավապաշտպանը չի կարող ստանալ հավաստի տեղեկություններ

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնում է, որ Բաքվում մայիսի 26-ին պետք է տեղի ունենան որոշ հայ գերիների գործերով վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները։ Այս տեղեկությունը հասել է գերիների ընտանիքներից։

Սիրանուշ Սահակյանը նշում է, որ իրենք չունեն պատկերացում՝ ում գործերով է հենց այդ օրը կայանալու լսումը, ինչպես է այն կազմակերպվել և ինչպես են ընդունվել վարույթները։ Պատճառը հիմնականում այն է, որ նրանց չեն տրամադրվել ռազմական դատարանի կողմից կայացված դատավճիռները։

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հավաստի տեղեկություններ ստանալու որևէ հնարավորություն չկա», – ընդգծում է իրավապաշտպանը՝ նշելով, որ հենց այդ անհնարինության պատճառով էլ նրանք դիմել են «հովանավոր տերության» մեխանիզմի գործարկմանը։ Սակայն, ցավոք, այդ ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել։ Նա նաև հավելում է, որ հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը շարունակում է չկիրառված մնալ։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Ադրբեջանում գտնվում է 19 հայ գերի։ Բաքվում սկսված «դատավարությունը» Արցախի նախկին ղեկավարների գործով ավարտվեց այս տարվա փետրվարի 5-ին։ Դրա արդյունքում Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քնվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին նրան 20 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։

Քրեական գործի հիմքերը և մեղադրանքի բովանդակությունը դեռ չեն ստուգվել, հայտարարել է պաշտպանը

Պաշտպանական կողմը կբողոքարկի Անդրանիկ Թևանյանի կալանքի որոշումը