Հայաստանը Ռուսաստանից բնական գազ է գնում 1000 խմ համար 177,5 դոլար գնով, ինչը զգալիորեն ցածր է Եվրոպական Միությունում նույն ծավալի գազի արժեքից, որը կազմում է 550 դոլար։
Հանրապետությունը տարեկան Ռուսաստանից գնում է ավելի քան 2 մլրդ խմ գազ։ Ռուսական գազը միշտ է մատակարարվել շատ ավելի ցածր գներով, քան ԵՄ-ում։
Հայաստան է մատակարարվում նաև իրանական գազ, սակայն այն օգտագործվում է միայն երկրի ջերմային էլեկտրակայանների շահագործման համար։
Արտոնյալ գների մասին պայմանները ամրագրվել են 2013 թվականին կնքված հայ-ռուսական համաձայնագրում, որի համաձայն «Գազպրոմը» չեղարկել է Հայաստան մատակարարվող գազի 30 % տուրքը։ Արդյունքում գազի գինը նվազեցվել է մինչև 189 դոլար՝ 1000 խմ դիմաց, իսկ 2015 թվականին՝ մինչև 165 դոլար։ 2016-19 թվականներին ռուսական գազի գինը կայուն մնացել է 150 դոլարի մակարդակի վրա։ Այնուհետև գինը կրկին բարձրացել է մինչև 165 դոլար, սակայն դրա նկատմամբ սկսել են կիրառվել գազի ջերմատվության ճշգրտումներ (նորմատիվի գերազանցման դեպքում գինը բարձրանում է)։