Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին նրանց կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 19-ին հայտարարել էր, որ երկու երկրի ղեկավարներն արժանացել են այս միջազգային մրցանակին։
ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին կներկա գտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը։
«Զայեդ» մրցանակը (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը և շնորհվում է կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ջանքերը ուղղված են եղել խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։