Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ մեկնարկել է հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի շենքի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։

Ծրագրի առաջին փուլի ընթացքում այս տարի ավարտվել են հուշակոթողի տասներկու մույթերից երեքի և թանգարան-ինստիտուտի վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Բացի այդ, իրականացվել են նաև հուշահամալիրին հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Կառուցվել են ջրամբար և պոմպակայան, որոնք հնարավորություն են տալիս գործարկել ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ։

Երկրորդ փուլի շրջանակում վերանորոգվելու են հուշարձանի հաջորդ երեք մույթերը։ Ըստ ծրագրի՝ այնուհետև փուլ առ փուլ վերանորոգվելու են մնացած բոլոր մույթերը, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի տանիքի մնացած մասը։

Հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը և հուշահամալիրը կշարունակեն գործել բնականոն ռեժիմով՝ բաց լինելով այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար։

Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են շուրջ 743 մլն դրամ, մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունը կատարում է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։ Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը նույնպես հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակն է։

Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատել ԵԱՏՄ-ի հետ՝ հակառակ վերջին հայտարարությունների

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի տանը կատարված խուզարկության արդյունքները