Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մայիսի 27-ին պաշտոնապես փոխանցել է Հայաստանի կողմին Ռուսաստանի Էներգետիկայի նախարարի գրությունը, որը վերաբերում է 2013 թվականի դեկտեմբերի 2-ի բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի հնարավոր կասեցման կամ միակողմանի չեղարկմանը։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը, ապա ռուսական կողմը կարող է դադարեցնել համաձայնագրի գործողությունը կամ դրանք միակողմանիորեն չեղյալ հայտարարել։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ Երևանը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից նման գրություն չի ստացել։
Զախարովան նշել է, որ այս իրավիճակը արդեն Հայաստանի ներքին, միջգերատեսչական փոխգործակցության հարց է։ Նրա խոսքով՝ Դավիթ Խուդաթյանը կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ճշտելու ստացված փաստաթղթերի մասին տեղեկատվությունը։