Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի համոզմամբ՝ 2020–2022 թթ. ընդունված որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր

Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020-2022 թթ. կնքված եռակողմ պայմանավորվածությունները կարող են լուծել Հարավային Կովկասում առկա տրանսպորտային խնդիրները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք տեսնում ենք, թե որքան բարդ է իրավիճակը Հարավային Կովկասում։ Մեր համոզմամբ՝ 2020-2022 թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով համաձայնեցված որոշումները պահպանում են իրենց արդիականությունը՝ նախևառաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ բոլոր խնդիրները լուծելու համար», – նշել է նա։

Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ այդ որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր, քանի որ դրանք նախատեսում են ողջ տարածաշրջանի բոլոր խոչընդոտների վերացում։

Նախարարը հստակեցրել է, որ Մոսկվան պատրաստ է ակտիվորեն աջակցել այդ պայմանավորվածությունների իրագործմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների փոխվարչապետներն անընդհատ կապի մեջ են և պարբերաբար քննարկումներ են անցկացնում՝ աշխատանքային խմբի շրջանակում կայացված որոշումների շուրջ, որոնք հիմնված են երկրների առաջնորդների պայմանավորվածությունների վրա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել էր հայտարարություն, որի համաձայն ապաարգելափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Ըստ այդ հայտարարության՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի գերակայությունները երկաթուղային և ճանապարհային հաղորդակցություններն են։

Բաքվում դատապարտվեցին ևս 8 հայ գերիներ

Ադրբեջանի դատարանը այսօր 15-19 տարվա ազատազրկման դատապարտել է ևս 8 հայ գերիների։ Դատավճիռները հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանը 19 տարվա ազատազրկման դատապարտել է Մադաթ Բաբայանին և Մելքիսեթ Փաշայանին, 18 տարի՝ Գարիկ Մարտիրոսյանին, 16 տարի՝ Դավիթ Ալահվերդյանին և Լևոն Բալայանին, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Մադաթ Բաբայանին մեղադրում էին «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցության մեջ։ Նրա համար դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում, սակայն քրեական օրենսգրքի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ ցմահ պատիժ նշանակելը հնարավոր չէ, քանի որ նա 65 տարեկան է։

Ավելի վաղ Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտել էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձնացված վարույթով։

More From Author

«Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է մարդատարների համար, բեռնատարներին՝ ոչ

ԱՄՆ-ի փոխնախագահը և Ադրբեջանի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր