Վրաստանի վարչապետը մեկնաբանելուց հրաժարվել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ միջազգային գնահատականները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնաբանել միջազգային դիտորդների կողմից Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արված քննադատական գնահատականները։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողների հարցմանը՝ կապված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից հրապարակված զեկույցի և եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքի բացակայության հետ, Կոբախիձեն ընդգծել է, որ չի մտադիր միջամտել այդ հարցին։

«Չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ։ Ընտրությունների գնահատումը դիտորդական առաքելությունների դերն է։ Դա նրանց և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։ Ես պատրաստ չեմ որևէ գնահատական տալ։ Եվ հիմա ես խոսում եմ ոչ միայն Հայաստանի մասին։ Դուք գիտեք, որ եվրոպական բյուրոկրատիայի համար երկակի ստանդարտները սովորական երևույթ են»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, Կոբախիձեն բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը՝ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ դերը դրանց զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։

«Ես շատ ուրախ եմ, որ այդ հարաբերությունները շարունակելու են զարգանալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական դերը վրաց-հայկական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է, և ես շնորհակալ եմ նրան դրա համար»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նաև հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հեռախոսով կապ է հաստատել Փաշինյանի հետ՝ շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Նիդեռլանդները բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել