Իշխանությունները պետք է ոչ թե փաստերի արձանագրումով զբաղվեն, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեն։ Այս մասին ես ասում եմ՝ մեկնաբանելով «The Insider» պարբերականում 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակված «Բռնել մորուքից» վերնագրով հոդվածի շուրջ բարձրացած աղմուկը։
Նշենք, որ հոդվածում պնդվում էր, թե Հայաստանում աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և փորձում են ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Այս «տեղեկատվությունն» իրենց հրապարակային ելույթներում ու սոցհարթակներում սկսեցին լայնորեն տարածել նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքեց հոդվածին՝ այն որակելով որպես կեղծիք։
Բանն այն է, որ հոդվածում հիշատակվում էր «Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյավկինին», որը «բնակվում է Հայաստանում» և ղեկավարում «բազմաթիվ գործակալների»։ Այնինչ տվյալ դիվանագետը երբեք առևտրային ներկայացուցիչ չի եղել։ Նա եղել է դեսպանատան կցորդ, ավելին՝ վեց ամիս առաջ լքել է Հայաստանը։
Եթե դու ասում ես, որ դիվանագետը հատուկ ծառայության գործակալ է ու քո դեմ գործողություն է անում, բա հայտարարիր իրեն պերսոնա նոն գրատա։ Դու շարքային ստատուս գրող չես, դու ԱԺ նախագահ ես, պատգամավոր ես, նախարար ես, տեղակալ ես և այլն, և այդպես շարունակ։ Գործողություն արեք։ Իշխանության և քաղաքացիների տարբերությունն այն է, որ երկուսն էլ կարող են արձանագրումներ անել, բայց իշխանությունը կարող է նաև գործողություն անել։
Եթե կոնկրետ գործողություն չի արվում, ուրեմն այս ամենն ընդամենը հիբրիդային պատերազմի մի մաս է, որի համար օգտագործվում է Բալթյան երկրներից մեկում գրանցված և աշխատող ռուսալեզու «The Insider»–ը։ Սա ոչ թե լրատվամիջոց է, այլ գործիք, բութ քարոզչական գործիք, որի օգնությանը դիմել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քանի որ էն թեզերը, որոնք ներկայացված են էդ հոդվածում, դրանք ոչ այնքան լրագրողական հետաքննության արդյունքներ կարող են դիտարկվել, այլ ավելի շատ քաղաքական դիրքորոշման արձանագրում են՝ լրագրողական հետաքննության անվան տակ։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ պարբերականը հիբրիդային պատերազմ վարելու գործիքակազմի շրջանակներում կիրառում է նաև հետախուզական տվյալների լեգալիզացիա։ Այսինքն, եթե ինչ-որ մի երկրի հետախուզական ծառայությունը ինչ–որ տվյալներ է ստանում Ռուսաստանի մասին, այս տեսակ պարբերականների միջոցով դրանք փորձ է արվում հրապարակել։ Շատ դեպքերում այդ տվյալներում ներկայացվում են կիսաճշմարտություններ։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հատկապես ընտրարշավի ֆոնին հայտարարում է, որ Պուտինն իր ընկերն է և Ռուսաստանին պետք է վերաբերվել որպես գերտերության՝ հարգանքով։
Բենիամին Մաթևոսյանի գնահատմամբ՝ Փաշինյանն այսպիսով փորձում է փարատել պետական ապարատի, կառավարման համակարգի, ուժայինների և հայկական բիզնեսի շրջանակներում առկա մտահոգությունները։ Այն թեզն է փորձում տարածել, թե ժողովուրդ ջան, էդ խնդիրները, որոնք հիմա կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, դրանք ժամանակավոր են, 18 օր հետո և՛ հայկական ծաղիկները կվերադառնան ռուսական շուկա, և՛ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրները չեն լինի։
Իրականում, քաղաքագետի դիտարկմամբ, Փաշինյանը որոշում է կայացրել Հայաստանը ներգրավել մի ինտեգրացիոն միավորման մեջ, որը Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի։ Ինքը միանում է Ռուսաստանի դեմ պատերազմող դաշինքին։ Դաշինք, որը պահանջում է ակտիվ մասնակցել Ռուսաստանի դեմ պատերազմին, և այնտեղ չեն պատրաստվում անգամ Հայաստանի այս ճանապարհը ֆինանսավորել։