Կրթական հաստատություններում քարոզարշավին մասնակցության դեպքերի կապակցությամբ կսկսվի քննություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ կապված Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում քարոզարշավին մասնակցության գրանցված դեպքերի հետ։

Այս որոշումը կայացվել է այսօր Ապարանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում էին մարզի գյուղերի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։

Նախարարությունը հայտնում է, որ քարոզարշավի մեկնարկից ի վեր ստացել է բազմաթիվ ահազանգեր՝ աշխատակազմի, ուսուցիչների և աշակերտների կողմից։ Դրանք վերաբերում են աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցելու դեպքերի։

Օրինակ է բերվում այսօր գրանցված մի դեպք, երբ Արագած և Քուչակ գյուղերի դպրոցների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի։

Նախարարությունը հստակեցնում է, որ կնախաձեռնի քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նույնպես ուղարկվում են իրավապահ մարմիններին՝ հետագա քննությունների համար։

Նախարարությունը նաև շեշտում է, որ նմանատիպ ցանկացած դրսևորում արժանանալու է պատշաճ արձագանքի և կունենա իրավական հետևանքներ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ կկիրառվի պատիժ, որը կարող է ընդհուպ մինչև աշխատանքից ազատումներ և մանկավարժական գործունեության իրավունքից զրկվելու դեպքեր հասնել։

Հայաստան-Թուրքիա առևտրի արգելքի վերացումը և սահմանի բացման հեռանկարները

Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ