Հայաստանում անցկացվող «Concours Mondial de Bruxelles» գինու միջազգային մրցույթ-համտես-փառատոնին մասնակցում են 65 երկրից ժամանած մասնագետներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը։
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվելու է մոտ 8 հազար գինի, որից մոտ 130-ը հայկական արտադրողների կողմից։ Զարուհի Մուրադյանը նշեց, որ տեղական արտադրողների համար կարևոր է ոչ միայն գնահատականը ստանալը, այլև յուրատեսակ խորհրդատվությունը, որը կտրամադրվի միջազգային սոմելիեների կողմից։ Նրանք կոչ միայն գնահատականներ կտան, այլև կբացատրեն, թե ինչու է իրենց դուր եկել կամ դուր չի եկել այս կամ այն գինին։
Մրցույթին մասնակցում են շուկայի փորձագետներ, «գինու լրագրողներ», բլոգերներ, սոմելիեներ, ինչպես նաև տարբեր երկրներից գնումների շուրջ 120 մասնագետներ, որոնց թվում են ինչպես ավանդական, այնպես էլ զարգացող շուկաների ներկայացուցիչներ։
Հյուրերի համար ծրագիրը փորձել են դարձնել առավել հագեցած։ Սովորաբար նշված մրցույթը տևում է 4 օր, սակայն հայկական կողմը խնդրել է լրացուցիչ 1 օր՝ կազմակերպելու համար էքսկուրսիա դեպի Վայոց Ձոր՝ գինեգործության հարուստ ավանդույթներով և տեղական խաղողատեսակներով հայտնի տարածաշրջան։
«Հայաստանը հյուրերին հետաքրքրում է առաջին հերթին իր նորույթով՝ տեղական գինիներով, որոնք պատրաստված են աշխարհում քիչ հայտնի սորտերից։ Նրանք տպավորվել են նաև Վայոց Ձորում տեսած կարասներով, դրանց պատրաստման տեխնոլոգիայով ու դրանց միջոցով հնեցված գինիներով։ Բայց, իհարկե, հյուրերին ներկայացնում ենք նաև մեր մյուս գինեգործական շրջանները և գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները», — նշեց Զարուհի Մուրադյանը։
Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ միջոցառման հյուրերը (ներառյալ լրագրողներն ու բլոգերները) արդեն սկսել են սոցցանցերում ու մամուլում հրապարակումներ անել հայաստանյան շրջագայություններից, որոնք հավաքել են տասնյակ և հարյուր հազարավոր դիտումներ։
Հայկական գինու արտահանման ծավալի ավելի քան 70 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։