Հայաստանը և Ռուսաստանը կարող են գտնել այնպիսի լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն երկու երկրներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ներկա վիճակին։
Ըստ նախարարի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն։ Նա հույս հայտնեց, որ Ռուսաստանում ընտրություններից հետո ռուսաստանցի գործընկերների հետ հնարավոր կլինի քննարկել եղած խնդիրները, որոնք, ինչպես նա նշեց, բնորոշ են ցանկացած երկու երկրների միջև հարաբերություններին։
Վերջին շաբաթներ շուրջը տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտոնական անձանց, պատգամավորների, մեդիայի և փորձագիտական հանրության կողմից Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատական հայտարարությունները, ինչպես նաև տնտեսական սահմանափակումները՝ ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և ջերմուկի արտահանման վրա, որոշակի կերպով կապվում են Ռուսաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացի հետ։
Արարատ Միրզոյանը նաև անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը, թե Հայաստանը գնում է «ուկրաինացման սցենարով»։ Նախարարը նշեց, որ նման հակահայ հայտարարություններ Լուկաշենկոյի կողմից առաջին անգամ չեն, և խորհուրդ տվեց նրան՝ «իր երկրի գործերով զբաղվել»։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը հաջորդաբար սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների ներկրումը՝ սկսած ծաղիկներից և մրգերից մինչև պտուղներ, բանջարեղեն և սերմացուներ։ Ռուսաստանի գերատեսչությունները պատճառաբանել են այդ որոշումները խախտումների հաճախակի դեպքերի և բուսասանիտարական բարեկեցության ապահովման անհրաժեշտությամբ։