Հայ առաքելական եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Տոնական արարողությունները տեղի են ունեցել Մայր աթոռի համալիրում։

Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որի պատարագիչն է եղել Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։

Իր խոսքում Զաքարիա սրբազանը նշել է, որ դարերի ընթացքում Մայր տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և զորեղ կամքի, որոնք առաջնորդել են մեր ազգին պատմության բոլոր փորձություններում։ Նա նաև նշել է, որ Սուրբ Էջմիածինը համայն հայության տունն է, իսկ էջմիածնասիրությունը՝ հայրենանվիրումի և աստվածսիրության վառ օրինակ։

Եպիսկոպոսը հիշեցրել է, որ օրհասական պահերին ժողովուրդը միշտ համախմբվել է հենց Սուրբ Էջմիածնի շուրջն այն համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև հայ ազգը։

Պատարագի ավարտին վեհափառի գլխավորությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք։ Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցական դասը աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար։

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 362 657 քաղաքացի

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1,2 միլիոն քաղաքացի