Համաշխարհային համակարգը գտնվում է խորը փոփոխությունների փուլում։ Այլևս չեն գործում ոչ 19-րդ դարի ուժերի հավասարակշռության սկզբունքները, ոչ Սառը պատերազմի գաղափարախոսությունը, ոչ էլ լիբերալ կարգը, որը հիմնված էր օրենքի և համընդհանուր արժեքների վրա։ Որտեղ օրենքի փոխարեն իշխում է անսահմանափակ ուժը, այնտեղ գաղափարախոսությունն ու իրավունքը պարզապես չեն կարող ապահովել անվտանգություն։
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նոր ռազմավարություն է ընդունել՝ հիմնված «խաղաղության դարաշրջանի» գաղափարի վրա։ Սա ենթադրում է ներքին բարեփոխումների և ազգային մտածելակերպի վերաձևավորման միջոցով երկարատև խաղաղության պայմանների ստեղծում։ Սակայն նման մոտեցումը, իմ կարծիքով, վտանգավոր է և ժամանակավրեպ։
Խաղաղությունը, որը ձգտում է հաստատել Երևանը, պահանջում է երաշխավորների, կանոնների և ինստիտուցիոնալ շրջանակների գոյություն։ Թեև իբրև նպատակ դրված է խաղաղությունը, պետք է հասկանալ, որ այսօրվա աշխարհում երաշխավորները կորցրել են իրենց հետաքրքրությունը և կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Այսպիսով, միակողմանի հաշտեցման քաղաքականությունը դառնում է ոչ թե խաղաղության, այլ խոցելիության բանաձև։
Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը, գործելով ուժային քաղաքականության տրամաբանությանը համապատասխան, Հայաստանի «բարյացակամությունը» չեն դիտարկում որպես դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլության նշան, ուստի հետևողականորեն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիվանագիտական և գաղափարական ճնշումը։
Պետությունները կործանվում են իրենց պաշտպանելու անկարողությունից։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրված փաստաթուղթ, ըստ իմ համոզմունքի, չեն կարող փոխարինել կենսական գործառույթի ուժային բաղադրիչին։ Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխավորների, նրա պաշտպանական կարողությունները սահմանափակ են, իսկ շրջակա միջավայրը՝ ագրեսիվ։
Նման իրավիճակում դրոշակ դարձնել խաղաղությունը՝ առանց զսպման, և արժեքները թողնել առանց պաշտպանության, նշանակում է երկիրը մղել դեպի ռազմավարական խոցելիության ուղի։ Հենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությանը։
Այսօր մեզ առաջարկվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրև անցյալի «առասպելների ու հույսերի սթափեցնող մերժում»։ Սակայն ողբերգությունն այն է, որ հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել ոչ թե պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն։
Արա Այվազյանի կարծիքով՝ ռազմավարական առումով չմտածված «սթափությունն» ու «իրատեսությունը» կարող են ՀՀ–ին կանգնեցնել մեծ աղետի առաջ։