Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է նոր ձայնագրություն, որում, իրենց պնդմամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը Շիրակի մարզի մի շարք ընտրողների հետ կատարած խոսակցություններում ընտրակաշառքի մասին է խոսում։
Ըստ կոմիտեի՝ նախաքննական մարմինը նախաձեռնել է քրեական վարույթ, ձերբակալել է մի քանի անձինք և կատարել վարութային գործողություններ։
Հրապարակված ձայնագրության մեջ ոմն Է.-ն հայտնում է, որ իրեն «Մեր ձևովը» 1 մլն դրամ է տվել։ Ոմն Ա.-ն, իր հերթին, դժգոհություն արտահայտելով, նշում է, որ ավելի լավ կլիներ, եթե յուրաքանչյուրին 100 000 դրամ տային, որպեսզի նրանք էլ իրենց հերթին քվեարկեն։ Է.-ն նաև նշում է, որ իրեն զանգել է Սլաբոտկայից ոմն Հենդո և բերել, որից հետո գումարը տվել։
Ավելի ուշ Է.-ն ոմն Հ.-ի հետ զրույցում նշում է, որ նույն հարցի շուրջ 3 տարբեր մարդկանց հետ է շփվում։
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հրապարակում է նման հաղորդագրություններ և ձայնագրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը նախկինում հայտարարել էր, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում և համարում է դրանք իշխանություններին աջակցության միջոց։